Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պատահել է, որ կինոդիտման ժամանակ կրակոցներ են հնչել»

«Պատահել է, որ կինոդիտման ժամանակ կրակոցներ են հնչել»
10.11.2016 | 16:28

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող ավանդական «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի անցկացվում է 7-րդ անգամ։ Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, բուհերում, սահմանամերձ և հեռավոր գյուղերում (Բերդ, Այգեպար, Կողբ, Կոթի, Խաչիկ, Երասխ, Մովսես, Ագարակ), Երևանի բոլոր համայնքներում ցուցադրվում են հետանկախության շրջանում արտադրված հայկական խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմերը։ Ծրագրի մաս է կազմում ինստիտուտներում անցկացվող կինոմրցույթը, որի շրջանակում ուսանողները գրախոսականներ են գրում ներկայացվող ֆիլմերի մասին:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ընդգծեց, որ մեկ ամսում մոտ 600 ֆիլմ է ցուցադրվում:


-Մենք ծրագրում ենք ամեն վայրում երեք ցուցադրություն, սակայն պահանջարկը շատ է, համայնքների ղեկավարները, մարզպետարանների մշակույթի վարչությունները խնդրում են, որ ավելացնենք ցուցադրությունները, ինչը, սակայն, մարդկային ռեսուրսների, ֆինանսական ծախսերի հետ է կապված: Կինոկենտրոնի ներկայացուցիչներն աշխատում են առանց վճարի, սակայն բուկլետների տպագրությունը, ճանապարհածախսը, կեցության հարցերն արդեն իսկ ծախսատար են: Տրամադրվող ֆինանսական միջոցներով կարողանում ենք ծրագիրը լիարժեք իրականացնել մեկ ամսվա շրջանակում: Մեզ աջակցում են Երևանի քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը:
-Պարոն Գևորգյան, հեռավոր շրջաններում կինոցուցադրության համար պայմաններ կա՞ն:
-Հիմնականում ցուցադրությունը կազմակերպում ենք դպրոցներում, մշակութային կենտրոններում: Եթե պայմաններ չկան, մեզ հետ շարժական տեխնիկա ենք տանում:
-Ինչո՞վ է պայմանավորված «Կինոաշունի» նկատմամբ հետաքրքրությունը, երբ մեր օրերում կինո-հանդիսատես կապը այնքան էլ ամուր չէ, կարելի է ասել՝ լավ կինոն չունի պահանջարկ:
-Շատ պարզ է, մարզերի բնակչության համար «Կինոաշունը» տոն է: Ֆիլմերի ցուցադրությունից բացի տեղի են ունենում հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ: Ռեժիսորը, դերասանները ամեն տեղ ներկա լինել չեն կարող, որովհետև շուրջ 150 ցուցադրություն է կազմակերպվում, բայց կինոկենտրոնի ներկայացուցիչներն ամեն տեղ լինում են, ներկայացնում ֆիլմերը, պատասխանում հանդիսատեսին հուզող հարցերին: Երևանում համայնքների բնակիչները կինոթատրոն հասնելու խնդիր չունեն, տոմս չեն գնում, տրանսպորտ չեն նստում, ժամային խնդիր չունեն, որովհետև նախապես հարմարեցվում է իրենց ուզած ժամի հետ: Խմբերով, ընտանիքով գնում են կինո նայելու:
-«Կինոաշունի» օրինակից ելնելով, կարող ենք ասել, որ եթե կինոթատրոնները շատ լինեն, կվերականգնվի կինո դիտելու ավանդույթը:
-Բարդ է ասել, երբ քաղաքում մեկ կինոթատրոն էր գործում` «Մոսկվա» կինոթատրոնը, գնացող չկար, հիմա վեցն են, էլի նույն պատկերն է: Թեև «Կինոաշունը» միտված էր նրան, որ այն վայրերում, որտեղ ցուցադրություն էր լինում, օղակներ ստեղծվեին, կինոցանցը վերականգնվեր: Որոշ վայրերում ոգևորվեցին, ցանկություն ունեին սարքեր գնելու, կինոսրահներ ստեղծելու, բայց հետո ոգևորությունը մարեց: Նախ՝ դահլիճ պիտի ունենան, տեխնիկա ձեռք բերեն, պահպանեն ու շահագործեն տեխնիկան, դրանք բոլորը ֆինանսական միջոցներ են պահանջում, իսկ ֆիլմի ցուցադրումից ստացված եկամուտը, իրենց հաշվարկներով, այդ ծախսը չի փակում:
-Շրջկենտրոններում նո՞ւյնպես կինոդահլիճներ չկան:
-Հատուկենտ են: Գյումրիում կա, Վանաձորում, Բերդում:
-Մի առիթով ասացիք, որ «Կինոաշունը» աշխարհի ամենալավ ծրագիրն է: Այլ երկրներում անվճար ֆիլմեր ցուցադրելու ծրագիր կա՞. այլ կերպ ձևակերպեմ հարցս `նախատիպ կամ քույր փառատոն ունի՞ «Կինոաշունը»:
-Ֆրանսիայում «Ամենակարճ ցերեկը» փառատոնի շրջանակում մեկ շաբաթ շարունակ երկրով մեկ ֆրանսիական ֆիլմեր են ցուցադրվում: Որոշ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, միացել են փառատոնին: Բայց մենք փորձեցինք ֆրանսիականին զուգահեռ մեր ֆիլմերից էլ ցուցադրել: Չգիտեմ որևէ տեղ կա՞ նման ավանդույթ, որ ամբողջ երկրով մեկ անվճար ֆիլմեր ցուցադրեն: Ֆիլմերը հիմնականում կոմերցիոն են: Պրոդյուսերներին անվճար ցուցադրությունները ձեռնտու չեն, իսկ պետությունը երևի նման հնարավորություն չի ընձեռում:
-Ի՞նչ եք կարծում, եթե մեր երկրում վերականգնվի կինո նայելու մշակույթը, «Կինոաշունի» կարիքը չի՞ զգացվի:
-Կինո նայելու մշակույթը կվերականգնվի, եթե վերականգնվի կինոցանցը: Ժամանակին 60-ից ավելի կինոթատրոն կար, միայն 33-ը` Երևանում: Ֆիլմի տոմս ձեռք բերելու համար հերթ պիտի կանգնեիր կամ ծանոթ ունենայիր և «ձեռքի վրայից» գնեիր: Կինոթատրոնները լեփլեցուն էին նաև մարզերում, շրջաններում: Կինոն բոլորի էության մեջ էր: Եթե որևէ կինո էր «գալիս», պիտի անպայման նայեիր: Եթե Նորքում էիր ապրում ու մոտակա կինոթատրոնում չէր հաջողվում էկրան բարձրացած ֆիլմը դիտել, զանգում, տեղականում էիր՝ որտեղ կա ցուցադրություն, որ հասցնեիր դիտել: «Կինոաշունը» փորձում է բացը լրացնել, բայց դա շատ քիչ է: Մի ամիս է տևում մեր առաքելությունը, ավելին անել դեռ չենք կարողանում:
-Որքա՞ն ժամանակ է, որ կինոն սահմանապահ բնակավայրեր է հասնում:
-Առաջին չորս տարիներին ծրագիրը ներառում էր շրջկենտրոնները: Վերջին երեք տարիներին գնալով ավելացնում ենք կինոդիտումները սահմանապահ գյուղերում, զորամասերում: Ասեմ, որ մեկամսյակով չենք սահմանափակվում, տարվա ընթացքում նույնպես գնում ենք մարզեր: Պաշտպանության նախարարության հետ ծրագիր ունենք, պարբերաբար լինում ենք զորամասերում, ֆիլմեր ենք ցույց տալիս, ֆիլմադարաններ ենք ստեղծում, որ հնարավորութուն ունենան հետո էլ ֆիլմերը նայելու:
-Կինոդիտումը զուգորդվում է հարմարավետ միջավայրի, տաք, գունագեղ դահլիճի հետ: Տվյալ դեպքում հարմարավետության մասին խոսք լինել չի կարող: Իսկ որքա՞ն է անվտանգ սահմանին մոտ գյուղում մեկտեղ հավաքվելն ու կինոդիտում կազմակերպելը:
-Անվտանգ չէ: Կրակոցների տակ ֆիլմ ենք ցուցադրում: Պատահել է, որ ցուցադրության ժամանակ կրակոցներ են հնչել: Շարժական տեխնիկան փորձում ենք այնպես տեղադրել, որ տեսանելի չլինի հակառակորդին:
-Դպրոցների շենքային պայմանների մասին ի՞նչ կասեք:
-Դա մեր ոլորտը չէ, չեմ ուզում անդրադառնալ այդ խնդրին: Կասեմ, որ դպրոցներում շատ տխուր է պատկերը, երեխաները քիչ են, տեղեր կան առաջին դասարաններ չեն բացվել:
-Այնուամենայնիվ, կինոյին սպասում են:
-Մեզ անասելի ջերմությամբ ու երախտագիտությամբ են ընդունում: Մարդիկ կարոտ են, սպասում են լավ բաներին:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ